Բավ է պառակտվել
15-09-2022 11:39

ՀԱՊԿ-ը չի նախատեսում խաղաղապահներ ուղարկել Հայաստան. շտաբի պետ

Հայաստան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը դեռ ներառված չէ օրակարգում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Եկեք առաջ չանցնենք։ Սեպտեմբերի 13–ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրը պետք է լուծվի քաղաքական–դիվանագիտական մեթոդներով, այսինքն` ոչ սեպտեմբերի 13–ին, ոչ երեկ և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում խոսք չկա ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ` ՀԱՊԿ–ի ներգրավմամբ», – ասել է նա։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։

«Այդ պատճառով հուսով ենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան այսպես, խաղաղ ճանապարհով կլուծվեն, առանց զենքի կիրառման», – հավելել է շտաբի պետը։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հայկական կողմն ըստ նախնական տվյալների, ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։