Բավ է պառակտվել
20-10-2022 17:38

ՀԱՊԿ-ը նախատեսում է հրավիրել ՀԱԽ արտահերթ նիստ՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով. Զախարովա

Ներկայումս մշակվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ենթադրվում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ առաջնորդները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և կդիտարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է նա։
Զախարովան նշել է, որ լրացուցիչ տեղեկությունը կտրամադրվի ՀԱՊԿ քարտուղարության միջոցով։
Միաժամանակ նա չի ասել, թե ինչ աջակցության մասին է խոսքը՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի ու համաձայնեցվի հանդիպմանը։
Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին կարող են հայտնվել ՀԱՊԿ և ԵԱՀԿ առաքելությունները։
ՀԱՊԿ առաքելության համատեքստում նա նշել էր, որ Հայաստան այցելած խմբի հաշվետվության հիման վրա պատրաստվել է զեկույց, որն ուղարկվել է բոլոր երկրներին։ Միրզոյանն ասել էր, որ դաշնակիցների կողմից տրված քաղաքական գնահատականը չափազանց կարևոր է հայկական կողմի համար։