Բավ է պառակտվել
10-01-2023 16:40

ՀԱՊԿ-ը դիտարկում է Հայաստանի փոխարեն զորավարժություններն այլ երկրներում անցկացնելու տարբերակներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը ՏԱՍՍ-ին։

Նա նշել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։

«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը», - հավելել է Շչեգրիկովիչը:

Երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ստեղծված իրավիճակում 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը 2023 թվականին Հայաստանում կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություններին։