Բավ է պառակտվել
01-06-2022 11:08

Միշելի գրասենյանկը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի, զղջումների և էքստրատարածքային հավակնությունների բացակայության մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամլո խոսնակտ երեկ երեկոյան հանդես է եկել Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հայտարարությամբ։

Ներկայացնում ենք եվրախորհրդի կայքում հրապարակված տեքստն՝ ամբողջությամբ։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատում է երկու երկրների հետ համագործակցությունը խորացնելու Եվրամիության հանձնառությունը՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության ու անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը դելիմիտացիայի իրականացման ընթացքում:

Ավելի լայն առումով, նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում և ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումների առաջխաղացումը և հակամարտության արմատական պատճառների վերացումը: Նրա կարծիքով՝ բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ ստեղծելով պայմաններ հանուն տևական ու արդար խաղաղության:

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության պարագայում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի հաստատում: Ի վերջո ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով՝ ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը։

Մայիսի 22-ին Բրյուսելում հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ապաշրջափակման հարցին: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ չկան էքստրատարածքային հավակնություններ՝ կապված ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ: Հակառակի մասին շահարկումները ցավալի են:

Վերջապես, նախագահ Միշելը ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունն ու այս առումով հանրային հռետորաբանության կարևոր դերը: Նա ողջունել է Երևանի ու Բաքվի ղեկավարներին և հայտնել բանակցությունների շարունակման նպատակով բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրության մասին, ինչպես նաև հայտնել է ԵՄ պատրաստակամության մասին՝ ուժեղացնել իր աջակցությունը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն առաջիկա օրերին կմեկնի տարածաշրջան՝ քննարկված բոլոր ասպեկտներին հետամուտ լինելու համար»: