Բավ է պառակտվել
19-08-2022 16:14

Հայ-վրացական սահմանին կայացել է «Բարեկամություն» կամրջի բացման պաշտոնական արարողությունը

Կամրջի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Հայաստանի և Վրաստանի սահմանին՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի ներկայությամբ։

«Ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական ու ժամանակից պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հիմք է ստեղծում հետագա ծավալուն համագործակցության համար»,- ասել է Փաշինյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այսօր այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղա­քա­կանության կարևոր առաջնայնություն­ներին համապատասխան, զարգացնելու և խորացնելու եղբայրական Վրաստանի հետ հետագա հարաբերությունները։

«Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերու­թյունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ ապահովել ազգային, տարածա­շրջանային և միջազգային մակար­դակով»,- ասել է նա։

Փաշինյանի խոքով՝ երկկողմ հարաբերություններում տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպոր­տային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը հնարավորություն են ընձեռում Հայաստանին իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնու­թյուններում։

Նա հույս է հայտնել, որ առավել ակտիվ աշխատանքների իրակա­նացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակ­ցությանը

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով:
«Ինչ վերաբերում է բեռնափոխադրում­ներին՝ անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար»,- հավելել է նա։

Այս համատեքստում Փաշինյանն ընդգծել է երկաթուղային տրանսպորտային համագործակ­ցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով»,- ընդգծել է նա։

Խոսելով Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված և տարածաշրջանային համագործակցության մասին՝ Փաշինյանը նշել է, որ այն ընդլայնման բավականին մեծ ներուժ ունի։

«Անհրաժեշտ է դիտարկել միջազգային կառույցների ներգրավումը միջսահմանային համագործակցության տարբեր ծրագրերում»,- հավելել է նա։

Հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետում Դեբեդ գետի վրա «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին։ Նախատեսվում էր կառուցել երկու առանձին կամուրջ երկու ուղղություններով՝ միմյանցից 1 մ հեռավորության վրա։ Կամուրջի երկարությունը 386 մ է, ճանապարհի լայնությունը՝ 8,35 մ, յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11,85 մ, կամուրջը կահավորված է արտաքին լուսավորությամբ և ջրահեռացման համակարգով։