Բավ է պառակտվել
30-07-2019 22:12

Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների շուրջ 80%-ն արդեն իրագործվում է․ՀՀ արտգործնախարար

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի դրույթների շուրջ 80%-ն արդեն իսկ ընթացքի մեջ է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ի “Մարշալլի գերմանական հիմնադրամ”-ին տված հարցազրույցում:

“Այս կարևոր պայմանագիրը նպաստում է ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական երկխոսության և գործընկերության աճին: Համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շուտ տեխնիկական է, քանի որ այն գործնականում ուժի մեջ է մտել: Ինչու՞, որովհետև մենք արդեն ունենք մեխանիզմ` նախնական հավելված”, - ասել է նա: .

Նախարարի խոսքով՝ Համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն համաձայնեցվել և ընդունվել է, և դրա իրականացումն արդեն սկսվել:

Տվյալ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական գործընթացների ավարտի մասին ԵՄ Խորհրդին տեղեկացրել է հետևյալ 14 երկիրը՝ Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Կիպրոսը։ Փաստաթուղթը վավերացրել են նաև գերմանական Բունդեսթագը և Շվեդիայի խորհրդարանը:

Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և վավերացվել Հայաստանի խորհրդարանի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին: Հայաստանը ԵՏՄ անդամ առաջին երկիրն է, որը ստորագրել է նմանատիպ փաստաթուղթ ԵՄ-ի հետ: