Բավ է պառակտվել
17-02-2021 15:45

Հոկտեմբերի 2-ին Արցախում մեզ ասացին, որ շուտ վերադառնանք Երևան ու պատերազմը կանգնեցնենք. Մարուքյան

Հոկտեմբերի 2-ին Արցախում մեզ ասացին, որ շուտ վերադառնանք Երևան ու պատերազմը կանգնեցնենք: Նման բացահայտում լրագրողների հետ զրույցում այսօր արեց "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Երբ ես հասա Արցախ, դա Արայիկ Հարությունյանի հայտարարության օրն էր, երբ նա ասաց, որ բոլորս գնում ենք պատերազմ ու գնացել էր առաջնագիծ: Մենք զենք ուզեցինք այդ ժամանակ, որ միանանք նրան: Բայց մեզ Արցախի պատգամավորները, Ազգային Ժողովի նախագահը ասացին, որ ավելի լավ է հենց հիմա վերադառնանք Երևան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք»,- պատմեց Մարուքյանը` հավելելով, որ դա եղել է հոկտեմբերի 2-ին:

Մարուքյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը դա իրենց չի ասել, ինքը Հարությունյանին չի տեսել, խորհրդարանականներն են ասել, խորհրդարանի նախագահը.

«Հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Ինձ ասել են, որ իմ անելիքը Երևանում է, ինչքան կարող եմ շուտ պետք է հետ գնամ»:
Մարուքյանն ասաց, որ դրանից հետո եկել է Երևան ու ներկայացրեց, թե ինչ է արել՝ ԱԺ-ում ելույթ, ԱԽ նիստին մասնակցություն և այլն:
Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին: Լրագրողի հարցին ի պատասխան, թե 10 տարվա պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր արդյոք լուծել Ղարաբաղի հարցը այն պլանով, որով գնում էր, Մարուքյանը նշեց.
«Ես կարծում եմ, որ այդ հարցը կարող էր լուծվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. թույլ չեն տվել լուծվի: Այդ հարցը կարող էր լուծվել Քոչարյանի օրոք՝ 10 տարի չի լուծվել, կարող էր լուծվել Սերժ Սարգսյանի օրոք՝ էլի չի լուծվել, կարող էր լուծվել Փաշինյանի օրոք՝ նույն Լավրովի պլանով»:
Մարուքյանի կարծիքով՝ եթե ՀՀ նախկին ղեկավարությունը Արցախի հարցով բանակցում էր որոշ տարածքներ տալու համար, ապա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե բոլորին պատրաստեին չտալուն:
«Եթե տարածքները պետք է անցնեին Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա այդ տարածքներում ներդրումներ չպետք է արվեին։ Ասվել է, որ բանակցում ենք ձգձգելու համար և չենք տալու ոչ մի բան: Նախագահ Սարգսյանը հիմա ասում է, որ միշտ եղել է էն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով, և «ոչ մի թիզականությունը» քննադատում է: Հիմա ես էլ հարց եմ բարձրացնում՝ եթե այդպես էր՝ էդ խնդիրը պետք ա արագ լուծվեր, ոչ թե հայ ժողովրդի, սփյուռքի, հարկատուների գումարները ներդրվեին էն տարածքներում, որոնք պետք է տայինք Ադրբեջանին», - նշեց պատգամավորը:

Նա խոսեց նաև Արցախի Սահմանադրության մասին, որում, իր խոսքով, 7 շրջանը Արցախի տարածք է համարվում:
«Արցախում գրվել է Սահմանադրություն, էդ Սահմանադրությունը գրել է Հրայր Թովմասյանը: Գրվել է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո: Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանը Արցախի տարածք է համարվում, և դա անքակտելի է», - ասաց նա:

Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, թե 2018 թ. համաձայնեց վարչապետ առաջադրվել ԼՂ հարցը կարգավորելու համար, Մարուքյանը հակադարձեց՝ եթե նման կոնսենսուս է եղել՝ կարող էին Կարեն Կարապետյանին ընտրել, և նա էլ նույն բանն աներ:
«Այդ ժամանակ երկիրը դարձել էր խորհրդարանական երկիր: Կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն էր: Ինքը նստելու էր Մելիք-Ադամյան փողոցում, օրինակ, և կուսակցությունը ղեկավարելու է: Ընդհանրապես, խոստումը, որ երրորդ ժամկետի չեմ գնալու, և հետո գնաց՝ մեծ սխալ է եղել, և այդ խոստումը չպահելով էլ ժողովրդական մեծ ընդվզում է տեղի ունեցել»,- ասաց Մարուքյանը: