Բավ է պառակտվել
20-04-2015 09:50

Օլանդը ցանկանում է Երևանում զրուցել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն հայտարարել է, թե ապրիլի 24-ին Երևանում նախանշված Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում մտադիր է բարձրացնել Միստրալ ուղղաթիռակիրների հարցը։  Ֆրանսիայի ղեկավարն ասել է «Canal+» հեռուստաընկերության եթերից։ «Միստրալների հարցը կքննարկվի Հայաստանում Վլադիմիր Պուտինի հետ։ Անհրաժեշտ է լուծում գտնել և դուրս գալ ճգնաժամից»,-մասնավորապես, հայտարարել է Օլանդը։ Հիշեցնենք, նախորդ տարի դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում էր կայացրել կասեցնել Ռուսաստանի Դաշնությանը «Միստրալ» ուղղաթիռակիրների փոխանցման գործարքը: Նախագահի անունից տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե «գործարքի կասեցման պատճառն Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրավիճակն է: Այս առնչությամբ նախագահը անհրաժեշտ է համարել հետաձգել Ռուսաստանին ռազմանավը փոխանցելու հայտի քննարկման ժամկետը՝ մինչ նոր հանձնարարականի ի հայտ գալը»։ Նշենք, «Վլադիվոստոկ» անվամբ «Միստրալ» տեսակի հրամանատարա-դեսանտային ուղղաթիռակիրը, համաձայն պայմանագրի, ռուսական կողմին էր փոխանցվելու դեռևս 2014 թ-ի նոյեմբերի 14-ին: Գործարքի իրականացմանն ընդդիմանում էին Միացյալ Նահագներն ու եվրոպական մի շարք երկրներ, այն պայմանավորելով Ուկրաինայում հակամարտության թուլացման անհրաժեշտության հետ: Նույն հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները, Օլանդն ասել է. «Պուտինին գիտեմ շուրջ երեք տարի և կարող եմ ասել, որ նա ուղիղ մարդ է և չի թաքցնում իր պլանները»։ Օլանդը նաև դրական է արձագանքել Ուկրաինայի հարցով Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների մասին ՌԴ նախագահի գնահատականը։ «Վլադիմիր Պուտինը լիովին գիտակվում է Ուկրաինայում իրավիճակի իրականությունը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։