Բավ է պառակտվել
01-11-2014 15:26

Օլանդ-Էրդողան հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Փարիզում կայացած հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից:
Մասնավորապես` Օլանդը նշել է, որ Էրդողանին հանդիպելուց առաջ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Փարիզում` Մինսկի խմբի ձևաչափով, որի շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ Ֆրանսիայի նախագահի` այդ հանդիպումն իրականում ավելի արդյունավետ է եղել, քան հանդիպման մասին տրվող գնահատականներում է ասվում: Օլանդը հավելել է նաև, որ հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքները ընդունելի են հակամարտության կողմերի համար, որն էլ իր հերթին առաջխաղացման հնարավորություն կարող է ընձեռել: Ֆրանսիայի նախագահի խոսքով` իրենք նաև հաշվի են առնում այս հարցում Թուրքիայի դրսևորած ուշադրությունը: