Բավ է պառակտվել
23-01-2023 14:05

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, տեղեկացվում ՄԻՊ ֆեյսբուքյան էջում։

Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

Նշվում է, որ Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։

Գրիգորյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2022 թվականի հունվարի 24-ին Ազգային ժողովի քվեարկության արդյունքներով, այն բանից հետո, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը 2021թ. առաջադրեց նրան որպես այս պաշտոնի թեկնածու, իսկ մարդու իրավունքների պաշտպանության մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովը հաստատեց նրա թեկնածությունը։

Իշխող խմբակցությունը պարզաբանեց, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածությունը չի վերաառաջադրվել՝ պայմանավորված Վենետիկի հանձնաժողովի հայտարարած չափանիշով, ըստ որի՝ ՄԻՊ անկախության ամրապնդման համար վերընտրության ինստիտուտը պետք է բացառվի։

Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 2016-2017 թթ աշխատել է որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ազգային փորձագետ: 2019 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ։