Բավ է պառակտվել
17-12-2014 20:28

Եթե Հայաստանը դեֆոլտի մեջ հայտնվի, այն հարվածելու է բոլորին. Ա. Ռուստամյան

Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի քննարկումը հույժ կարևոր և անհրաժեշտ է համարում ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ իրենք արդեն ստորագրել են դրամի արժեզրկման հետ կապված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին փաստաթղթի տակ:

Նշենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը, ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել դրամի արժեզրկման թեման քննարկելու համար: Եթե հավաքվեն անհրաժեշտ 44 ստորագրությունը, այսօր տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ:

Ա. Ռուստամյանի կարծիքով, միայն մեկ նիստով հնարավոր չէ խնդիր լուծել: «Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում: Ես ողջունում եմ այդ համագործակցությունը, որը պետք է տեղի ունենա մեծամասնության հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա արտահերթին հրավիրվել են բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր պարտավոր են լուծումեր գտնել: Նա համոզված է, որ այդ քննարկումն իսկապես օգուտներ կտա, ԱԺ պատգամավորներն էլ իրենց դիտարկումներով, իրենց մոտեցումներով կհուշեն իշխանություններին, որպեսզի նրանք ճիշտ որոշում կայացնեն: «Այս իրավիճակը պետք է համատեղ լուծում ստանա, քանի դեռ բոլորի համար այն գերխնդիր չի դարձել: Եթե սա փլվեց, փլվելու է բոլորիս գլխին: Եթե Հայաստանը դեֆոլտի մեջ հայտնվի, ապա այդ ամենի համար մենք բոլորս ենք պատասխանատվություն կրելու: Սա մի բան է, որտեղ չեն կարող իշխանություն-ընդդիմություն հարաբերություններ լինել, դրանք միմյանցից տարանջատել: Եթե Հայաստանը դեֆոլտի մեջ հայտնվի, այն հարվածելու է բոլորին, անկախ նրանից` ընդդիմություն ենք, թե իշխանություն»,- ասաց Ա. Ռուստամյանը: