ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում ներկայացնելով այն, տեղեկացրեց՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը առաջարկում է այս թեմայով քննարկումներն անցկացնել փակ նիստում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ թեման զգայուն է և առնչվում է մեր ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, ըստ այդմ՝ քանի որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որ նրանք օր առաջ վերադառնան, նրանց անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ խմբակցության պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը փակ տեղի ունենա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, և այն պետք է բաց անցկացվի։
«Պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել՝ որովհետև չեն ուզել, որ մենք ելույթներ ունենանք այս թեմայով: Երբ հասկացել են, որ հարցն անհնար է տապալել, որոշել են փակ անել քննարկումը: Մենք գտնում ենք, որ փակ անելը ընդհանրապես անիմաստ է: Ելույթները, որոնք պատգամավորները կարող են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին: Հետևաբար կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից»,- նշեց Մարուքյանը:
Ի հակադրում ԼՀԿ ղեկավարի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա.
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները, գիտակցում են, որ ի լուր աշխարհի ԱԺ ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ այդ լսումները ի լուր նաև մեր թշնամու լինի»։
Լիլիթ Մակունցն էլ, հավանություն տալով Ալեն Սիմոնյանի խոսքին, հավելեց, որ եթե ցանկանային տապալել քննարկումը, կարող էին քվորումը չապահովել, սակայն իրենք նման ցանկություն չունեն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ տեղեկացրեց՝ այս քննարկումը նրա համար է, որ տեսնեն, թե ինչ են արել պատկան մարմինները:
Մակունցը՝ խնդրեց 20 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո պատգամավորները 68 կողմ ձայնով որոշում ընդունեցին՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ հարցը քննարկել ԱԺ փակ նիստում: