Բավ է պառակտվել
20-02-2019 17:01

Ընդդիմությունը մտադիր է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․վարչապետի գործառույթները կարող են կրճատվել

“Լուսավոր Հայաստան” խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախապատրաստել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծ։ Ավելի վաղ “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունն առաջարկել է այս տարվա ընթացքում անցկացնել սահմանադրական հանրաքվե կառավարման կիսանախագահական համակարգին անցնելու հարցի շուրջ։

Փետրվարի 18-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Մարուքյանը հայտարարել է, որ հետընթաց է համարում վերադարձը կառավարման կիսանախագահական համակարգին, այդ պատճառով անհրաժեշտ է ներկայիս խեղաթյուրված սուպերվարչապետական համակարգից անցնել ամբողջական խորհրդարանական կառավարման։

“Ես “Իմ քայլը” և “Բարգավաճ Հայաստան” խմբակցություններին եմ ուղարկել “Լուսավոր Հայաստան” խմբակցության մշակած սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հիմնավորումները: Իմ կողմից առաջարկ է ներկայացվել նախագծի շուրջ միասնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ”, - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։