Բավ է պառակտվել
22-03-2021 11:36

Ընդդիմությունը չի հավատում հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի խոսքերին և պնդում է իր պահանջները

Մեզ հավատ չի ներշնչում Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, և սա վեևջնական է, - Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Անցած ժամանակաշրջանում նրանք (իշխանությունները) մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին և շատ արագ հետ վերցրել իրենց խոսքերը: Արցախում պատերազմի ընթացքում 44 օր նրանք ստով ու կեղծիքներով կերակրեցին ժողովրդին: Մենք բավարար հիմքեր ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կանցկացվեն: Փաշինյանի որևէ հայտարարությանը հավատալու որևէ հիմք չկա հավատալու: Եթե նրա խոսքերն անկեղծ են, ապա նա պետք է հրաժարական տա», - շեշտեց Սաղաթելյանը:

Նրա խոսքերով, «Շարժման» դիրքորոշումը մնում է անփոփոխ․ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ են, նախ՝ ՀՀ վարչապետի հրաժարականն, ընդ որում՝ երկու անգամ, ապա խորհրդարանի լուծարումն ու նախագահի կողմից խորհրդարանական ընտրությունների նշանակումը:

Միաժամանակ Սաղաթելյանը շեշտեց, որ ընտրությունների անցկացումը «Հայրենիքի փրկության շարժման» պահանջներից մեկն է, բայց դա բավարար չէ երկրում ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

«Նույնիսկ եթե ընտրություններ անցկացվեն, սա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը: Մենք գտնում ենք, որ ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ մցակցային հավասար պայմաններով չեն լինելու և կեղծվելու են»,- կարծում է քաղաքական գործիչը։

Սաղաթելյանը նախազգուշացրեց, որ նման դեպքում ընտրությունները կարող են հանգեցնել ոչ թե ստեղծված իրավիճակից ելքի, այլ նոր ճգնաժամի սկիզբի:

«Հետևաբար, Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ իրավիճակի լուծման ճիշտ և արդյունավետ մեխանիզմն իր առաջարկած «ճանապարհային քարտեզն» է», - նշեց նա:

Նրա խոսքով, Շարժման անհնազանդության գործողությունները կշարունակվեն, հնարավոր են մարտավարության որոշակի փոփոխություններ, բայց այս պահին անիմաստ է խոսել արտահերթ ընտրությունների մասին, որոնց վերաբերյալ ըստ էության կա միայն մեկ հայտարարություն (Փաշինյանի - խմբ.):

Սաղաթելյանը հիշեցրեց, որ մի քանի անգամ, երբ ժողովրդի և քաղաքական գործիչների վրդովմունքը մեծ թափ էր հավաքում, իշխանությունները հայտարարում էին արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, այնուհետև հասարակական բողոքը մի փոքր թուլանում էր, որից հետո իշխանությունները հայտարարում էին, որ «ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա»:

Նա վստահ է, որ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի ամեն րոպե գտնվելը կործանարար է մեր պետության համար: «Մենք չենք պատրաստվում զիջել և գնալու ենք մինչև վերջ՝ շարունակելով մեր պայքարը», - շեշտեց Սաղաթելյանը:

Նախընտրական շրջանում վարչապետի պաշտոնում ընդունելի թեկնածուի վերաբերյալ հարցին Սաղաթելյանը պատասխանեց. «պետք է լինի մի անձնավորություն, որը չի ունենա որևէ անձնական շահ»:

«Իհարկե, մենք առաջարկում ենք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, բայց եթե կա մեկ այլ չեզոք մարդ, մենք պատրաստ ենք քննարկումների: Այստեղ ամենակարևորը հետևյալ սկզբունքն է. ընտրությունների կազմակերպիչը և նրա կուսակցությունը չպետք է մասնակցեն ընտրություններին», - ընդգծեց նա։