Բավ է պառակտվել
25-05-2022 22:58

Ընդդիմությունը ներկայցրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող արտահերթ նիստի օրակարգը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ նիստ՝ իրենց օրակարգով։

«Մենք պահանջում ենք, որ խորհրդարանը հանդես գա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությունով։ Եթե Ալիևից (Ադրբեջանի նախագահ՝ խմբ․) չեք վախենում, ապա եկեք այդ նիստին և ստորագրեք այդ հայտարարության տակ։ Սրանք մեր «կարմիր» գծերն են»,- չորեքշաբթի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ, Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Հայտարարության համաձայն՝ Հայաստանը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

«Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով» ,- ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է նաև, որ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը։

«Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը» ,- ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ «միջանցքային» տրամաբանությամբ։
Նրա խոսքով՝ սրանք նվազագույն պահանջներն են, բայց Հայաստանի իշխանությունը չունի այդքան համարձակություն։
«Մենք սպասում ենք այս կարևոր հանդիպման անցկացմանը հաջորդ շաբաթ»,- ասել է Սաղաթելյանը՝ բացառելով հայտարարության բովանդակության որևէ փոփոխություն։
Ներկայումս Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց և ակտիվորեն առաջ են տանում խաղաղության օրակարգը։Պսրբերաբար տեղի են ունենում երեք երկրների հավասար մակարդակով ներկայացուցիչներ հանդիպումներ։ ԲԱրձր մակարդակով վերջին հանդիպումը կայացավ մայիսի 22-ին Բրյուսելում։