Բավ է պառակտվել
24-02-2015 13:48

Կարելի՞ է Հայաստանում արդարության հույս ունենալ.ՕԵԿ

Թող իշխանությունը պատասխանի, կարելի՞ է, արդյոք, Հայաստանում արդարության հույս ունենալ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով պետական կառավարման ճգնաժամի մասին խորհրդարանական հայտարարության նախագիծը: Այն ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ Բիշարյանի, ճգնաժամից բացի, անհնար է այլ կերպ կոչել իրավիճակը, երբ փորձում են դեպրեսիայի ենթարկել մի ամբողջ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստանը»: «Իսկ ի՞նչ է կատարվում ժողովրդի հետ: Մեզ մոտ կա՞ն մարդիկ, որոնց գործերը դատարանում արդար են լուծվել: Կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են, որ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ օրենքի շրջանակում պետական հաստատություններից ճիշտ պատասխան կստանան: Իսկ հարկային քաղաքականությո՞ւնը: Ամեն քայլափոխի փոքր եւ միջին ձեռնարկություններ են փակվում: Հարկային նոր օրենսդրությունում նոր շրջանակներ են փոքր եւ միջին բիզնեսի համար: Ոչ մի խոսք հարկայինում եւ մաքսայինում բարեփոխումների մասին»,- հավելեց Բիշարյանը: