Բավ է պառակտվել
27-05-2015 10:55

Իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են.Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը անդրադարձել է իր` Հայաստանից հեռանալու մասին լուրերին: «Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը: Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա և նման մտադրություն չունեմ: Մտադրությունս մնում է նույնը՝ Հայաստանում պետք է ձևավորվի հանրային մանդատ ունեցող և արդյունավետ գործող իշխանություն, վերանա քաղաքական մենաշնորհը, ստեղծվի քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ և իրականացվեն բարեփոխումներ։ Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլն: Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի», -իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Օսկանյանը: