Բավ է պառակտվել
24-09-2021 22:21

Տրանսպորտային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի խաղաղ զարգացման համար. ՀՀ վարչապետ

Հայաստանի իշխանությունները չափազանց կարևոր են համարում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացումը տարածաշրջանում, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Այս մասին Նյու Յորքում կայացած ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա միաժամանակ նշեց, որ կան տարբերակներ, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ::

«Մենք վերջին տարբերակի կողմնակից ենք», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա։