Բավ է պառակտվել
04-09-2020 20:52

Ի վերջո, Հայաստանի հետ սահմանները բացվելո՞ւ են

Ի վերջո, Հայաստանի հետ սահմանները բացվելո՞ւ են, ԱԺ դիմաց ցույց անող ռուսաստանաբնակ հայերը կարողանալո՞ւ են մեկնել իրենց բնակության վայր՝ ՌԴ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այդ մարդկանց երեխաները պետք է դպրոց գնան, գործատուները նրանցից շատերի հետ խզել են աշխատանքային պայմանագրերը: Բերվող փաթեթը, կարծում եմ, նման է «Хотели как лучше, а получилось как всегда» հայտնի վիճակին: Այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին: Դրանում մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան», - ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ կարանտինի մասին նախագիծը միանշանակ պետք է վերանայվի, այլապես այն ավելի է բարդացնելու ՀՀ քաղաքացու վիճակը:
«Բերում եք փաստարկ, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:
«Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների ԱԳ նախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ «վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ»: Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում այս մակարդակի են որոշումները կայացվո՞ւմ: Չէ, այդպես չէ, սիրելիներս: Երբ մի երկրից մուտքը կամ ելքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար ցուցիչը հետևյալն է՝ ինչ համաճարակային վիճակ է այդ երկրում, այսինքն՝ օրական վարակումների որքան թիվ է գրանցվում: Սա է գլխավորը,- ասաց Ռուբեն Ռուբինյանը,
Իշխանական պատգամավորը նշեց, որ եթե իսկապես հետաքրքրված եք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմանները, ապա պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ թվերը իջնեն: Իսկ որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել, անհրաժեշտ են այն միջոցառումները, որ իրականացվում են:
«Թե չէ՝ «կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով: Ձեր կարծիքով բա՞ն է փոխվում: Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»:,–ասաց Ռուբինյանը։
«Այս նախագծով պարտադրված պայմանները որևէ կերպով չեն տարբերվում արտակարգ դրության պայմաններից: Մենք ակնկալում էինք ավելի ճկուն գործիքակազմ, որ արտակարգ դրության ավարտից հետո կլինի վիճակի թեթևացում, ոչ թե վիճակը մնար նույնը: Փոխվում է միայն անունը, բայց իրավական առումով որևէ տարբերություն չկա: Նախագծով ոչ միայն նվազեցվում, այլ նաև ոչնչացվում է խորհրդարանի դերը», - ասաց Անի Սամսոնյանը:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

Դրանով ենթադրվում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորությունը:

 

 

Արմինե Գևորգյան