Բավ է պառակտվել
31-03-2021 11:49

Կառավարության հրաժարականն անխուսափելի է․ Հայաստանի նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում ներկայացրել է երկրում ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքի իր տեսլականը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո հայտարարեց 2021թ․ հունիս 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Նա հայտնեց, որ հրաժարական կտա ապրիլի 20-ին, բայց մտադիր չէ հեռանալ և կլինի վարչապետի ԺՊ, որպեսզի կազմակերպի և անցկացնի ընտրությունները։

ՌԲԿ-ին տված հարցազրույցում Սարգսյանն ասել է որ բոլորովին այլ կերպ է պատկերացրել և պատկերացնում Հայաստանում ստեղծված լուրջ ճգնաժամից ելքը։ Ըստ նրա, քաղաքական ելքի մոդելը դասական է։

«Նման դեպքերում շատ երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս, ստեղծվում է կա՛մ քաղաքական միասնության, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն։ Եվ այդ կառավարությունը սկսում է զբաղվել խնդիրների լուծմամբ։ Եթե Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, աշխատում է Սահմանադրության փոփոխությունների պատրաստմամբ»,- ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ նույն պետք է լինի Ընտրական օրենսգրքի մասով, այսինքն՝ գործընթաց պետք է լինի, իսկ ժամանակավոր կառավարությունը պետք է հետևի դրան և լուծի շատ հարցեր։ Եվ միայն այս ամենից հետո գնալ ընտրությունների։

«Հայաստանի դեպքում դա բարդ է, բայց տեսականորեն ճիշտ։ Այս ամենից հետո նոր պիտի կայանան ընտրությունները։ Նման ընտրությունների մասին դժվար կլինի ասել, որ արդար չեն եղել, որովհետև կառավարությունը, որն ուղղակի հրաժարական է տալիս, որևէ շահ չունի և ինքը չի կազմակերպել այդ ընտրությունները: Դժվար կլինի ասել, որ ժամանակավոր կառավարությունը չի նախապատրաստել այդ ընտրությունները, որ մենք ունենք Սահմանադրության կամ Ընտրական օրենսգրքի հետ կապված չլուծված հարցեր»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ իրական կյանքում շատ ավելի դժվար, բայց, միաժամանակ՝ ավելի պարզ։ «Առաջին հերթին՝ արտաքին քաղաքականությունը. վարչապետը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը, և ո՞վ պետք է դրա համար պատասխան տա։ Նո՞ր կառավարությունը, ինչպիսի՞ն կլինի այդ նոր կառավարության վերաբերմունքը»,- պարզաբանել է նա։

Սարգսյանը կարծում է, որ հարկավոր է նախ, վերադառնալ նախագահական կառավարման համակարգի, կամ ունենալ շատ ուժեղ նախագահական իշխանություն և յուրաքանչյուր քաղաքացուն ներկայացնող շատ ուժեղ խորհրդարան։

«Կամ մենք պետք է վերցնենք այս Սահմանադրությունը, որոշակի փոփոխություններ կատարենք և հավասարակշռենք։ Այն բոլորովին հավասարակշռված չէ, իսկապես սուպերվարչապետական է»,- ասել է նա։

Սարգսյանը նաև նշել է, որ վաղաժամ է խոսել ընտրությունների անցկացման կոնկրետ օրվա՝ հունիսի 20-ի մասին, որը նշել է Փաշինյանը, քանի դեռ համապատասխան փաստաթուղթը ստորագրված չէ նախագահի կողմից։