Բավ է պառակտվել
07-05-2014 18:49

Հաջորդ նախագահական ընտրություններին հաղթելու է ՀՀԿ-ն. ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձում է Ծառուկյանին

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
«Այդ մարդն ասել է, չէ՞, հաջորդը մենք ենք հաղթելու նախագահական ընտրություններին, մենք էլ ասում ենք, որ հաղթանակը համենայն դեպս, մենք ակնկալում ենք, որ պետք է լինի ՀՀԿ-ինը։ ԲՀԿ-ն էլ ասում է՝ չէ, դուք չեք լինելու, այս անգամ մենք ենք լինելու։ Ամբողջ հարցը սա է»,- նշել է նա։
«Մենք, թեև ասում ենք, որ հաջորդ դոմինանտը մենք ենք լինելու, բայց, իհարկե, հասկանալով, որ ժողովրդի ձայնով է պայմանավորված, ասում ենք, որ պատրաստ ենք դրան, նրանք էլ ասում են՝ չէ՛, մենք ենք»,- ՀՀԿ-ի հայտարարությունը խմբագրեց Այվազյանը։

Հարցին, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ին համարում է քաղաքական հակառակորդ, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Դիտարկմանը, թե այսինքն՝ արդեն կողմնորոշված է, որ ԲՀԿ-ն քաղաքական ընդդիմություն է, Վարդան Այվազյանը արձագանքեց. «Իրենց հարցրեք, ուժի չկողմնորոշված լինելու համար ես պատասխան չունեմ։ Մեր հարցում ամեն ինչ որոշված է»։