Բավ է պառակտվել
16-03-2015 10:11

«Եվրանեսթ»–ի նիստին Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, ով ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորեց հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ «Եվրանեսթ»–ի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»,– ասաց նա:
Նա անդրադարձավ նաև Հայաստանի ընտրություններին՝ հիշեցնելով, որ ընտրախախտումները վնասում են Եվրամիության, եվրոպական կառույցների պատիվն ու արժանապատվությունը:
Վրաստանի ներկայացուցիչ, «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության անդամ
Վանո Չխիկվաձեն խոսեց իր երկրի թերությունների և առավելությունների մասին: Նա հայտարարեց, որ Վրաստանում վիզաների ազատականացման ռեժիմի պարագայում խտրականությունն արգելող օրենք է ընդունվել, ինչը կարևոր քայլ է ժողովրդավարության զարգացմանն ընդառաջ:
Որպես դրական քայլ Վանո Չխիկվաձեն նշեց Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Հարաբերությունները ՌԴ հետ կարծես վերականգնվում են: Բայց մենք չենք տեսնում՝ Վրաստանը ի՞նչ է զոհաբերում ՌԴ հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»,- շեշտեց նա՝ հավելելով, որ միաժամանակ իշխող կոալիցիայից հնչում են տեսակետներ, որ Վրաստանի լիարժեք ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անհնար է: