Բավ է պառակտվել
24-04-2021 21:58

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց

ԱՄՆ Կոնգրեսում կայացած պատմական քվեարկությունից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը իր թվիթերում գրել է, որ 19 տարի սպասում էր այս պահին:

Մոտ մեկ ժամ առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:

«Ներկայացուցիչների պալատը հենց նոր քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ քվերկություն, որի մասին երազում էի 19 տարի: Քվեարկություն, որին տասնամյակներ սպասում էին տասնյակ հազարավոր իմ հայ ընտրողները: Մենք մերժման մաս չենք կազմելու, մենք երբեք չենք լռելու, մենք երբեք չենք մոռանա », - գրել է Շիֆը:

Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Շիֆը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական փաստերը, ջարդերի և տեղահանությունների փաստագրական ապացույցներն, այդ թվում ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, կասկած չեն թողնում Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված ոճրագործության մեջ: Վերջում Ադամ Շիֆի ձայնը երերաց, և նա ստիպված էր մի փոքր դադար վերցնել՝ խոսքն ավարտելու համար։

Նշենք, որ վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Նախկինում բոլոր նախաձեռնություններն ու բանաձևերը արգելափակվում էին, և Ներկայացուցիչների պալատում հարցը քվեարկության չէր հասնում:

Օսմանյան կայսրությունում 1915թ․ հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ 1915-1925թ․թ․ Օսմանյան կայսրության տարածքում տանջամահ է արվել և սպանվել շուրջ 1,5 միլիոն հայ։ Չնայած շատ երկրներ ընդունել են Ցեղասպանության փաստը՝ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ուրուգվայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Հունաստանիը, Կանադայի, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի, Լիբանանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Պարագվայի, Արգենտինայի, Շվեդիայի, Բոլիվիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Լիտվայի, Վենեսուելայի, Լեհաստանի, Չիլիի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Ավստրայի, Վատիկանի, Չեխիայի, Դանիայի, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարության, ԱՄՆ 49 նահանգի, Սիրիայի, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից։