Բավ է պառակտվել
16-08-2022 13:10

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում և հայ-ռուսական ռազմական համագործակցությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի շրջանակում։

Հանդիպմանը նախարարները քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Մենք նախկինի պես վստահ ենք, ինչպես և դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարի ռեժիմի պահպանումն է շփման գծի ողջ երկայնքով»,- բանակցությունների ընթացքում հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան իր գործընկերոջը՝ «Բանակային միջազգային խաղերի» և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանը մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության խորհրդաժողովում աշխատանքի համար:

Իր հերթին Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակը:

«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Պապիկյանի և Շոյգուի հանդիպումը տեղի է ունեցել «Պատրիոտ» այգում, որտեղ ընթանում է Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողով (MCIS-2022)։ Համաժողովին մասնակցում է աշխարհի բոլոր տարածաշրջանների ավելի քան 70 երկրի 700-ից ավել պատվիրակ։

Համաժողովին իրենց մասնակցությունը՝ անմիջական մասնակցությամբ կամ տեսակոնֆերանսի միջոցով, հաստատել են 35 երկրի պաշտպանության նախարարներ։ Բացի այդ, համաժողովի աշխատանքներին մասնակցում են վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։