Բավ է պառակտվել
25-02-2022 20:12

Պապիկյանը՝ Շոյգուին․ ամեն անգամ ստիպված ենք լինում բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն ուրբաթ օրը Մոսկվայում քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նախքան ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության տարբեր հարցերի շուրջ մեր համատեղ աշխատանքի հիմնական օրակարգային հարցերին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանում իրավիճակի սրման գործում Ձեր օպերատիվ և շատ կարևոր աշխատանքի համար, երբ Դուք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նախագահող ընդունում էիք բարդ, բայց շատ արագ, կարևոր և անհրաժեշտ որոշումներ, որոնք մեզ թույլ տվեցին բավական ակտիվորեն և շատ արդյունավետ օգնել մեր ղազախ գործընկերներին այս իրավիճակի հանգուցալուծման հարցում»,- ասել է Շոյգուն։

Հանդիպման շրջանակներում Շոյգուն նաև ողջունել է Պապիկյանին՝ նշելով, որ սա նրա առաջին այցն է ՌԴ մայրաքաղաք Հայաստանի պաշտպանության նախարարի կարգավիճակում։

«Կարող եմ հավաստիացնել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»,- իր ողջույնի խոսքում ընդգծել է Պապիկյանը։

Միաժամանակ, հայկական ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայումս «լարվածության թուլացում չի նկատվում, և ամեն անգամ ստիպված ենք լինում բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների

«Ակնհայտ է, որ մեր պետությունների առջև ծառացած բոլոր այդ մարտահրավերներն ու սպառնալիքները կարելի է հաղթահարել բացառապես համատեղ գործելով»,- ասել է Պապիկյանը։

Նա նշել է, որ «այս համատեքստում դաշնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպումն առանձնակի կարևորություն է ստանում»։