Բավ է պառակտվել
13-04-2021 14:31

«Պատերազմի ավարների պուրակով» Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես այլատյացության համաշխարհային կենտրոն․ ԱԳՆ

Գերատեսչությունում կարծում են, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության նման գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:

«Պատերազմի ավարների պուրակի» բացումով Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն։ Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Նշվում է, որ ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

«Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն»,- ասվում է հայտարարությունում:

Ըդգծվում է նաև, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա: Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, իսկ մյուս կողմից նման ցուցադրությամբ փորձ է կատարում մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։

«Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը ետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բացել է «Պատերազմի ավարների պուրակ, որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ։ Դրանց մի մասը «հրամանատարների կողմից շղթայված են զենքին՝ կանխելու նրանց փախուստը ռազմի դաշտից»։ Հայաստանում ադրբեջանական իշխանությունների գործողությունները որակել են վայրագություն և ֆաշիզմ։