Բավ է պառակտվել
13-04-2020 14:44

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշման քննարկումը (Տեսանյութ)

Երկուշաբթի ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորները սկսել են քննարկել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության ընդունած որոշումը:

Երկուշաբթի ավելի վաղ, ՀՀ կառավարությունն արտահերթ ժողովում որոշում կայացվեց երկարաձգել մարտի16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ ապրիլի 14-ի ժամը 17: 00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ:

Արտակարգ դրության մասին որոշման մեջ կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես, ամբողջությամբ հանվել են ռեժիմի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումները, որոնք վերաբերում էին համաճարակի մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում լրատվամիջոցների գործունեությանը:

Բացի այդ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) արտակարգ դրության պայմաններում չի կիրառի պատժամիջոցներ և վարչական կալանք կայանատեղիների տուրքի և ՃՈ վարչական տուգանքների չվճարման դեպքում` արտակարգ դրության գործողության ամբողջ ընթացքում։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից մեկ ամսով Հայաստանում մտցվել էր արտակարգ դրության ռեժիմ։ Ընդ որում, մարտի 24-ին ընդունված ազատ տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները գործում էին մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1039 հաստատված դեպք: Ապաքինվել է 211 մարդ, 14 պացիենտ մահացել է։