Բավ է պառակտվել
18-01-2021 11:09

Հայաստանի խորհրդարանը չի քննարկի Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության իրավաչափությունը

Իշխանական պատգամավորը հայտնեց, որ ԱԺ–ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի։

Հայաստանի խորհրդարանականները հրաժարվեցին հերթական նստաշրջանի օրակարգում ներառել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ հարցը։ Նախագիծը նախաձեռնել էր “Լուսավոր Հայաստան” խմբակցությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժեց այն։

Ինչպես նշեց խոսնակ Արարատ Միրզոյանը, նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, տրվել է բացասական եզրակացություն։

“Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Արուսյան Ջուլաքյանը նշեց, որ խորհրդարանում նախատեսված չէ փաստաթղթի իրավաչափությունը քննարկելու ընթացակարգ։

Իր հերթին, “Լուսավոր Հայաստան” խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ երկու ամիս առաջ էին նախագիծը փորձել ԱԺ բերել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը չներկայացավ նիստին։ Նա նաև նշեց, որ եռակողմ հայտարարության մի շարք կետեր արդեն իսկ իրագործվել են։

“Փաստաթղթում մեկ կետ է մնացել, որը դեռ չի քննարկվել , որի մասին մենք հիմա խոսում ենք։ Խոսքը, մասնավորապես, ռազմագերիներին հետ վերադարձնելու մասին է։ Կոչ եմ անում գործընկերներիս, որ առիթն օգտագործենք և այս ամբիոնից գերիների հարցը բարձրացնենք”,–ասաց պատգամավորը։
Քվեարկության ընթացքում խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ մերժեցին նախագիծը։