Բավ է պառակտվել
08-02-2023 14:22

Հայաստանի խորհրդարանը քննարկել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստում Հայաստանի խորհրդարանը քննարկել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները՝ համաձայնություն տալու Հայաստանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Վարդապետյանի խոսքով՝ Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնումների և յուրացումների, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նա նշել է, որ Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական դիրքը և չի կատարել իր պարտականությունները, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Մասնավորապես, դրվագներից մեկի համաձայն՝ «Նայթս Բրիջ ՔոմունիքեյշնԷյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ ՔոմունիքեյշնԷյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:

Բացի այդ, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ 2,17 միլիոն դոլար նախնական արժեքով նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը շուրջ 4,5 մլն ԱՄՆ դոլարով վաճառելու, վերաբերյալ: Այդ համաձայնության հիման վրա անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ ՔոմունիքեյշնԷյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը։ Արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12%-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք:

Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, 2022 թվականի ապրիլի 29-ին Յաքուբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Սույն քրեական գործի շրջանակներում փաստեր են հավաքվել, որոնք հիմք են տվել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։

Ավելի վաղ Վարդապետյանը հայտնել էր, որ 2005-ին և 2009-ին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Արարատի մարզում ապօրինի, էժան գնով օտարվել են զորամասերի երկու հողատարածք։

Ըստ մեղադրանքի՝ առաջին հողատարածքը 2005 թվականին վաճառվել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, սակայն գրանցված է Էդգար Արշակյանի անվամբ։ Նրա խոսքով՝ այդ տարածքներում տեղակայված են եղել ռազմական ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ շտաբ, զինանոց և խոհանոց։

Վարդապետյանի խոսքով՝ օտարված հողամասի կադաստրային արժեքը 2,7 մլն դրամ է (մոտ 6,8 հազար դոլար), դրա վրա գտնվող շինություններինը՝ 8,9 մլն դրամ, բայց վաճառվել են 4 մլն դրամով։ Նա նշել է, որ հետագայում այդ հողատարածքները Խաչատուրովը գրավադրել է բանկում 18 մլն դրամով։

Երկրորդ հողատարածքը ապօրինի օտարվել է 2009 թվականին և վաճառվել Նորայր Կարապետյանին։ Օտարված հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1,9 մլն դրամ, դրա վրա գտնվող շինություններինը՝ 5,6 մլն դրամ, սակայն վաճառվել են 2,5 մլն դրամով ($1 – 396,02 դրամ)։