Բավ է պառակտվել
13-09-2021 10:57

Հայաստանի խորհրդարանը մերժեց Արցախի հարցերով ԱԺ հանձնաժողովի ստեղծման նախագիծը

Երկուշաբթի օրվա նիստում Հայաստանի խորհրդարանը մերժեց նիստի օրակարգում ընդգրկել «Խորհրդարանական մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին ընդդիմության նախագիծը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը, իսկ հանձնաժողովում քննարկումից հետո նախագիծը բացասական եզրակացության արժանացավ։ Արդյունքում՝ այսօր քվեարկության ժամանակ նախագծին կողմ արտահայտվեց 30 ընդդիմադիր պատգամավոր, ինչը բավարար չէ դրա ընդունման համար:

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը, նիստի ընթացքում ներկայացնելով նախագիծն ասել էր, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկել են Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծել: Խորհրդարանական հանձնաժողովի նիստում նախագիծը մերժվելուց հետո խմբակցություններն առաջարկեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի հանձնաժողով, սակայն այս առաջարկը նույնպես մերժվել էր:

Վարդանյանը պատգամավորներին կոչ արեց մեկ անգամ ևս քննարկել և մտածել, քանի որ անհնար է անընդհատ դեմ քվեարկել կամ ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին հայտարարեց, որ անհրաժեշտ է շատ ուշադիր և լուրջ աշխատել` ելնելով այսօր Հայաստանի և Արցախի առջև ծառացած սպառնալիքներից, սակայն ներկայացված նախագիծը դրանք չէր լուծում և չէր անդրադառնում այս խնդիրներին:

Նա բացատրեց, որ նախագծով առաջարկած որոշ որոշումներ վերաբերում են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովի ղեկավարների գլխավորած հանձնաժողովի լիազորություններին, որը ստեղծվել են երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կնքված խորհրդարանական համաձայնության հիման վրա: Նա նշեց, որ որոշումների մեկ այլ մասն ընդգրկված է այլ հանձնաժողովների լիազորությունների մեջ: Պատգամավորն ասաց, որ այս հարցը նոր բովանդակություն չի բերում հանձնաժողովների աշխատանքներին: