Բավ է պառակտվել
26-05-2022 21:26

Ընդդիմության պահանջով Հայաստանի խարհրդարանը արտահերթ նիստ կհրավիրի

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պահանջով հունիսի 3-ին կհրավիրվի հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, տեղեկացնում է խորհրդարանի մամլո ծառայությունը։
Նախօրեին «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելայնը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստի գումարում է նախաձեռնել հաջորդ շաբաթ։

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ խորհրդարանը հանդես գա հատուկ հայտարարությամբ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ։

Նա նաև հայտնեց ընդդիմության հայտարարության բովանդակությունը։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը։

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը։
Նա նշեց, որ որ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ «միջանցքային» տրամաբանությամբ։