Բավ է պառակտվել
17-05-2016 12:16

ԱԺ-ն 2–րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

ՀՀ խորհրդարանը մայիսի 17-ին 2-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 18-ը, ևս 4-ը ձեռնպահ են մնացել: Առաջին և երկրորդ ընթերցումների միջև նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Եթե որեւէ կուսակցություն չի ստանում բացարձակ մեծամասնություն եւ երեք օրվա ընթացքում չի հաջողվում կոալիցիա ձեւավորել, ապա նախագահական ընտրությունների նման առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերի մասնակցությամբ տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ: Ընդ որում, առաջին փուլից հետո խորհրդարան անցած կուսակցությունները կարող են միավորվել երկրորդ տեղը գրաված ուժի հետ եւ կոալիցիա կազմել: Հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների առնվազն 54 տոկոսը, սակայն չի կարող ունենալ մանդատների թիվի 2/3-ից ավելին: Իսկ եթե ընտրությունների առաջին փուլում որեւէ ուժ ստացել է մանդատների 2/3-ից ավելին, այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որպեսզի առաջատար ուժի տեսակարար կշիռը նվազի 2/3-ից: Բացի այդ, երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին: Նախատեսված է նաեւ էլեկտրոնային ցուցակների ներդրում, իսկ դիվանագետների եւ արտերկրում գործող հայկական ընկերությունների աշխատակիցների համար կգործի էլեկտրոնային քվեարկություն: