Չորեքշաբթի Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հումանիտար ճգնաժամ ստեղծելու մասին» հայտարարությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության հեղինակած փաստաթուղթն Ազգային ժողովի կողմից քննարկման է ներկայացվել չորեքշաբթի արտահերթ նիստում և ընդունվել 57 կողմ, դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանդիպմանը և դրան հաջորդած քվեարկությանը։ «Այս հայտարարությունը ոչ միայն կվնասի Հայաստանին և Արցախին, այլ նաև կօգնի ադրբեջանա-թուրքական տանդեմին, եթե նման հայտարարության անհրաժեշտությունկար, ապա դա կարող էր արվել իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ ոչ թե Ազգային ժողովի անունից»,- ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Բարամյանն ասել է, որ խմբակցության իր գործընկերները նույնպես հրաժարվում են մասնակցել հանդիպմանը, և իրենք իրենց հայտարարությունը կանեն կառավարության շենքի դիմաց ժամը 16։00-ին։
Փաստաթղթի էությունը
Հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովը կոչ է անում փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ մարդասիրական աղետի ապացույցներ հավաքելու նպատակով․
«Ելնելով ստեղծված իրավիճակից` ՌԴ–ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ` ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, մասնակից երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական աղետի ապացույցներ հավաքելու համար»։
Լաչինի միջանցքում և Արցախում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են երկրի 120 հազար բնակչի իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմից իբր «էկոլոգիական նկատառումներով» երկկողմանի արգելափակված է։ Արդյունքում ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը վերականգնելու ուղղությամբ։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսեւորումն է։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտության մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը երթևեկության համար։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչի արդյունքում հանրապետությունն անցել է ռեսուրսների առավելագույն խնայողության ռեժիմի՝ բենզինի, դիզվառելիքի և գազի դեֆիցիտի պատճառով։