Բավ է պառակտվել
05-08-2021 14:18

Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ չընտրեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ չկարողացավ ընտրել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

Հինգշաբթի ավելի վաղ Սաղաթելյանին մեկ ձայն չբավարարեց խորհրադարանի փոխնախագահ դառնալու համար։

Ինչպես տեղեկացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը՝ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

«49 պատգամավոր կողմ է քվեարկել, 49 -ը՝ դեմ»,- ասաց նա։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանն ասել էր, որ իրենք պատրաստ են Սաղաթելյանին ընտրելու համար ձայների բավարար քանակ ապահովել։

Մինչ այդ խորհրդարանի նախագահ էր ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունն, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին ընտրությունները։ Ընդդիմության կողմից փոխխոսնակի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, ով նախօրեին հայտարարել էր, որ չի դադարեցնելու պայքարն իշխանության դեմ։

8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53,91% (71 մանդատ) արդյունքով, «Հայաստան» դաշինքը՝ (29 մանդատ), «Պատիվ ունեմ» դաշինքը (7 մանդատ):