Բավ է պառակտվել
20-10-2016 11:04

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը:

Վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, որ նախօրեին 5 խմբակցությունների ձեռքբերված համաձայնությունը չի թեթեւացնում իրավիճակը եւ նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է. «ՀՀ դատարաններում եթե մեկը զրպարտեր եւ դիտավորյալ բողոքներ ներկայացնել, կարող էին այդ հարցը քննարկել: Սա նույն մեխանիզմն է՝ բառից բուն իմաստով, հայեցակարգային իմաստով կարող են մեկնաբանել, ինչպես կամենան, ուստի կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին»:

Իր հերթին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն. «Ես ցանկանում եմ շնորհավորել ՀՀ-ում ժողովրդավարության կողմնակիցներին այս կարեւոր նվաճման համար»,-ասաց նա:

Նշենք, որ օրինագիծն առաջարկում է հրապարակել քվեարկածների ցուցակները, որպեսզի բացառի կասկածները, թե օգտագործվել են քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների ձայները։ Այդ ցուցակները տեղամասային ընտրական հանձնաժողովներից կփոխանցվեն ընտրատարածքային հանձնաժողովներին, իսկ դրանք էլ հաջորդ օրը ժամը 12։00–ից սկսած՝ 24 ժամվա ընթացքում պետք է սքանավորեն եւ հրապարակվեն ԿԸՀ կայքի առանձին բաժնում։ Դրանցից յուրաքանչյուրին կկցվեն տեղամասերի եւ ընտրական տարածքի համարները։

Առաջարկվում է բոլոր ընտրատեղամասերում մշտական նկարահանում իրականացնել եւ հեռարձակել օնլայն ռեժիմով։ Նկարահանման եւ տեսանյութերի փոխանցման ու պահպանման կարգը կմշակի հանձնաժողովը, որում իշխանությունը չի ունենա վճռորոշ ձայն։ Այդ նույն հանձնաժողովը կընտրի նկարահանող կազմակերպությանը։

Առաջարկվում է քրեական պատիժ սահմանել ուրիշի փոխարեն քվեարկելու համար՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 800-ապատիկ չափով տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում։