Բավ է պառակտվել
29-11-2016 16:10

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց՝ 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է, որ կուսակցության հիմնադիր համագումարին քաղաքական միավորումը պետք է ունենա 100 անդամ, նախկին 200 –ի փոխարեն, այնուհետև՝ վեց ամսվա ընթացքում, անդամների թիվը պետք է հասնի 1000-ի՝ նախկին 2000 փոխարեն:

Գրանցման համար պետք է ներկայացնեն Երևան քաղաքը կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցություն հիմնադրելու և անդամակցելու արգելքները վերաբերում են դատավորներին, դատախազներին, քննիչներին:

Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Նախատեսվում են կուսակցության պետական գրանցման մերժման, կուսակցության գործունեության կասեցման հիմքերը:

Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխրախուսի բազմակուսակցական համակարգի հետագա զարգացումը, իսկ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը: