Բավ է պառակտվել
14-09-2020 17:01

ԲՀԿ – և ԼՀԿ–ն չեն մասնակցի ՍԴ դատավորի քվերակությանը

Ազգային ժողովը վերսկսեց աշխատանքները։ 7-րդ գումարման նիստերի օրակարգում ընդգրկված է 57 հարց. առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քննարկումն է։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու ընտրությանը: «Մենք բազմիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը։ Խմբակցության որոշման մասին հայտնեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը`
«Պարոն Շաթիրյանն ու Վաղարշյանն ինձ դասավանդել են։ Ղաղարշյանի ղեկավարությամբ թեկնածուականս եմ պաշտպանել։ Չնայած Խունդկարյանի ուսանողը չեմ եղել, բայց գիտեմ` ներկայացված երեք թեկնածուներն էլ բավական լուրջ աշխատանք են կատարել իրավական դաշտում։ Սակայն ՍԴ դատարանի ընտրությունը դրվել է հակաիրավական հունի մեջ»,–ասաց Սիմոնյանը։


Նա հիշեցրեց, որ ՍԴ–ում վիճարկում են ՍԴ փոփոխությունների այն գործընթացը, որի հետևանքն էլ այս ընտրությունն է։ 

Իսկ լրագրողների հետ զրույցոմ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխանությունների հետ պայմանավորվածություն կա, որ ինքը ՍԴ դատարանի թեկնածու է դառնում պայմանով, որ հետագայում ՍԴ նախագահ ընտրվի։


«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի քննարկումներ ու հավաստիացումներ չեն եղել և չեն էլ կարող լինել»,–ասաց Խունդկարյանը։
Նրա խոսքով` ՍԴ դատավորի թեկնածու դառնալու համար մի քանի փուլեր են անցնում` դատավորների ընդհանուր ժողով, այդ ժողովում փակ գաղտնի քվեարկություն, ԱԺ–ում այդ թեկնածուին ներկայացնել, կրկին փակ գաղտնի քվեարկություն: Բացի այդ, Խունդկարյանը հիշեցրեց, որ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների կողմից:
«Արդյո՞ք որևէ պայմանավորվածություն այս պայմաններում կարող է աշխատել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած կարծիքին, որը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, բացասական է արտահայտվել նրա մասին։
ՍԴ դատավորի թեկնածուն վստահեցրեց` չի տեսել ներկայացրած խորհրդատվական կարծիքը։ Նրա խոսքով` ըստ օրենքի դա գաղտնիք է և տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։
Իսկ մամուլում հայտնված տեղեկատվությունը, Խունդկարյանի խոսքով, այնպիսին է, որ իր մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող էր նման որակի վերլուծություն լինել։
«Ինձ, օրինակ, մեղադրում են «Ա1+» հեռուստաընկերության փակման մեջ։ Բայց հարց է առաջանում` այդ մարդիկ արդյո՞ք կարդացել են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը։ ՄԻԵԴ–ի վճռում դատավորի գործողությունների մասով որևէ բացթողում չի արձանագրվել»,–Խունդկարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։