Բավ է պառակտվել
30-06-2020 12:34

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն.ինչ են ակնկալում իրավապահ համակարգից

 

Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում ներկայացրին։
«Խոսքը վերաբերում է շուրջ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», - դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Բաբայանն ասաց նաև, որ պաշտոնական լիազորությունների անցման հոդվածով ևս հաղորդում են ներկայացրել.
«Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին: Օրինակ սահմանադրության վերջին փոփոխությունները, այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետեւ ՍԴ մասին օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չէին արել:
Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ դիմելու են գլխավոր դատախազություն՝ ակնկալելով, որ իրավապահ համակարգի համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը։
«Այո, ես շարունակում եմ գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, վստահ լինելով, որ այդտեղ որեւէ իրավական հիմք չկար, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռնպահ մնանք… ունենք այն ինչ ունենք, սա է ընթացակարգը եւ մենք դիմել ենք գլխավոր դատախազություն՝ ակնկակելով, որ նրա համար չափորոշիչը կլինի օրինականությունը»:
ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն էլ ասաց, թե անցնող մեկուկես տարվա ընթացքում քաղաքական գնահատականներ տրվել են դատական համակարգի և դատական իշխանության նկատմամբ տեղի ունեցողի վերաբերյալ։
«Անցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականն են տվել այն իրականությանը, այն երևույթներին, զավթողական վերաբերմունքին, որ կատարվում են Հայաստանում դատական իշխանության նկատմամբ՝ սկսած դատարանների արգելափակման՝ Նիկոլ Փաշինյանի կոչից և հետագայում այդ ամբողջ վարքագիծը։ Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տված քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական արժեք, և շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք երեք դրվագով՝ իշխանության զավթում, լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, լիահույս են, որ իրավապահ մարմինները օբյեկտիվության և իրենց լիազորությունների սահմանում կտան անաչառ գնահատական։

 

 

Արմինե Գևորգյան