Բավ է պառակտվել
21-02-2015 15:55

«Օրինաց երկիրի» նիստում քննարկվել է ԲՀԿ-ի հետ կատարվածը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական եւ կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի: Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները:

Ամփոփելով քննարկումները՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրել է.

Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին կտրուկ շրջադարձային փոփոխություններով: Ձեւավորված երկու քաղաքական բեւեռների միջեւ հարաբերությունները կարճ ժամանակահատվածում անձնավորված, փոխադարձ մեղադրանքներով սուր առճակատումներից տեղափոխվեցին դեպի հայտնի բանակցություններ: Արդյունքում` հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը հասարակության մոտ առաջ բերեց անհասկանալիություն եւ անորոշություն: Պետք է փաստել, որ քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրում ժողովրդավարության խորացման եւ ժամանակակից կուսակցական համակարգերի ձեւավորման ու զարգացման տեսանկյունից: Կուսակցությունը գերակա է համարում հասարակության մեջ քաղաքական ակտիվության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությունը, եւ քաղաքական կյանքին քաղաքացիների լիարժեք մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման պարտադիր պայման: Կուսակցությունն ընդգծում է քաղաքական պայքարի ընդունված եւ օրինական մեխանիզմների՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների ազատ ընտրության եւ գործածության կարեւորությունը, ինչը, որպես հետեւանք, բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ եւ ուժային գործուղություններ: Ստեղծված իրավիճակում «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակելու է պայքարել երկրում առկա արատավոր, բացասական, հակաժողովրդական երեւույթների եւ գործընթացների դեմ: Կուսակցությունը շարունակելու է ցուցաբերել նախաձեռնողականություն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման եւ հասարակության բարեկեցության համար անհրաժեշտ` իր մոտեցումների, նախաձեռնությունների եւ ծրագրերի առաջ մղումը: «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին եւ ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության եւ ժողովրդավարության զարգացման համար: