Բավ է պառակտվել
03-12-2021 22:43

Փաշինյանի կուսակցությունը կողմնորոշվել է Հայաստանի նոր ՄԻՊ-ի թեկնածության հարցում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը, որի ղեկավարն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կողմնորոշվոլ է նոր ՄԻՊ-ի թեկնածության հարցում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,- ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Քրիստինե Գրիգորյանը 2019 թվականի հուլիսից զբաղեցնում է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

ՀՀ մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարին։ Թաթոյանը, մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ովքեր 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ապրում են ադրբեջանական զինուժի սպառնալիքների պայմաններում։

Ավելի վաղ Փաշինյանի ազդեցիկ համախոհներից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին։ Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ Թաթոյանի բոլոր հայտարարությունները «քաղաքական բնույթ են կրում»։

Ի պատասխան՝ Թաթոյանն ասել էր, որ Գրիգորյանը, իրեն մեղադրելով քաղաքական կողմնակալության մեջ, գերազանցում է իր լիազորությունները և դիմում բացահայտ շահարկումների։ «Այս անձը պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի հետագայում ապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի անխափան, ազատ ու անկախ աշխատանքն»,- ասել էր Թաթոյանը։