Բավ է պառակտվել
17-11-2015 09:01

Եվրոպայի Կանաչների կուսակցությունն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև

Ձայների գերակշռող մեծամասնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, համաձայն որի` Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ: Բանաձևը կոչ է անում Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աշխատել Հայաստանի և հայ ժողովրդի հետ հաշտեցում հաստատելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀԵԲ-ի լրատվական ծառայությունից: Այս նախաձեռնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին` հրապարակայնորեն ճանաչել այն: Կուսակցությունն ընդգծում է, որ այս քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա և կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը: Եվրոպայի Կանաչների կուսակցությունը համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ 45 Կանաչների կուսակցություն Եվրոպայում, և ներկայացված է արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում: Եվրոպական խորհրդարանում կուսակցության անդամները զբաղեցնում են 50 տեղ Կանաչների՝ Եվրոպական Ազատ դաշինք խորհրդարանական խմբակցության շարքերում: Եվրոպայի Կանաչների կուսակցությունը սգում է հայկական մշակութային ունեցվածքի կորուստը, կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հարգել հայկական մշակութային ժառանգությունը և ձեռնարկել խիստ միջոցներ այն պաշտպանելու համար: Բանաձևը պահանջում է թուրքական կառավարությանը վերագնահատել պատմական և մշակութային նյութերը, բաց անել արխիվները պատմաբանների, հետազոտողների և գիտնականների առջև՝ փորձելով հաշտվել անցյալի հետ: Սրա տրամաբանական շարունակությունը կլինի վերացնել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական և հանրային քննարկումները: Բանաձևը ընդգծում է, որ բոլորն ունեն սեփական պատմության ճանաչման և մշակույթի հանդեպ հարգանքի իրավունք: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին որպես քայլ դեպի հաշտեցում և պատմական փոխհատուցում: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ում Կանաչների/ ԵԱԴ խմբակցության փոխնախագահ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ Միշել Ռիվազին մեկնաբանում է. «Ինչպես հիշեցնում են Փարիզում կատարված ողբերգական դեպքերը, աշխարհը կանգնած է խնդրի առջև՝ ինչպես երբեք: Շատ տարիներ ատելության խոսքը բավարար չափով չի դատապարտվել և նպաստել է ծայրահեղականներին տարածելու իրենց քարոզչությունը և բարձրացնելու բռնության մակարդակը: Մենք չենք կարող այսպես շարունակել, այլ պետք է հակադարձենք այս արատավոր գալարին՝ առավել բաց ժողովրդավարությամբ, ինչպես նաև ստեղծված իրավիճակին հանգեցնող սխալներն ու հանցագործությունները ճանաչող պատրաստակամությամբ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Եվրոպայի Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի նպատակն է հիշեցնել յուրաքանաչյուր երկրի, որ այն իր մասնաբաժինն ունի ներդնելու՝ հանուն առավել խաղաղ աշխարհի: Սա է պատճառներից մեկը, թե ինչու Թուրքիան պետք է այժմ դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը: Ժխտումը ատելության շարժիչի վառելիքն է, որը մեզ խանգարում է հասնել խաղաղության: Թուրքիան միայն կշահի՝ ի վերջո ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և մուտք կգործի դեպի պատմություն: Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման խաղաղություն չի կարող հաստատվել»: Քանի որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, եվրոպական մի շարք երկրներ, համաեվրոպական կառույցներ և քաղաքական կուսակցություններ խոստովանել կամ վերահաստատել են Հայոց ցեղասպանության իրենց ճանաչումը և պահանջել են որպեսզի Թուրքիան ևս ճանաչի այն: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Ես ուրախ եմ տեսնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եվրոպական քաղաքական ընտանիքների աճող թիվը: Եվրոպայի Կանաչների կուսակցության բանաձևը կարևոր է, մասնավորապես` քանի որ այն ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև հստակ բացատրում է բանաձևի ընդունման կարևորությունը, եթե մենք ցանկանում ենք ապահովագրել ապագան և կանխել մարդկության հանդեպ հետագա ցեղասպանությունները»: