Բավ է պառակտվել
21-05-2019 16:50

ԵԽԽՎ-ն քննադատել է դատարանները արգելափակելու Փաշինյանի կոչը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քննադատության է ենթարկել հանրապետությունում դատարանների մուտքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված կոչը։ Շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա։ Այս մասին հայտարարել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա), ասվել է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Խոսքը Հայաստանի կառավարության ղեկավարի նախաձեռնած՝ հանրապետությունում մի քանի ժամով դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին է, որին միանալու կոչ էր արել Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան։

“Այս կոչը հետևել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշմանը”,- նշվել է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունում։

Դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայմանն է, որը կարող է պահպանվել քաղաքական գործիչների կողմից որևէ միջամտության բացակայությամբ։ Հայտարարությունում նաև մատնանշվել են ազգային դատարանների որոշումները վիճարկելու համար գոյություն ունեցող հստակ իրավաբանական ընթացակարգերը։

Միաժամանակ, համազեկուցողներն ընդգծել են, որ հայ հանրության արձագանքը մարտի 1-ի գործով դատարանի կայացրած որոշմանը, որով ներգրավված անձանցից է Ռոբերտ Քոչարյանը, ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը։

Ընդհանուր առմամբ կատարվածին քննդատական գնահատական տալով հանդերձ ԵԽԽՎ ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ողջունել են Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու Փաշինյանի հայտարարությունը։