Բավ է պառակտվել
20-04-2016 08:59

ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հայտարարություն է ընդունել

ԵԽԽՎ–ն կոչ է արել հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը՝ չխարխլել նրանց մանդատը և չբարդացնել ընթացող բանակցությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ No.603 գրավոր հայտարարությունը, հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ ասված է․«Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձևաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատև և արդար կարգավորում։

Ուստի մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը՝ չխարխլել նրանց մանդատը և չբարդացնել ընթացող բանակցությունները։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ձեռնարկել վճռական քայլեր և ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009թ․-ից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։

Մենք կիսում ենք հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված մտահոգությունները, որոնք վերաբերում են հակամարտության գոտում լարվածության աճին, ծանր զինտեխնիկայի կիրառմանը, ինչպիսիք են ականանետերն ու հրթիռները: Դրանք անընդունելի են և լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, որոնց թվում են նաև խաղաղ բնակիչները։

Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծումը՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդմանն ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաև 1994թ-ի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը և կստեղծեն խաղաղ բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ»։
Գրավոր հայտարարության տակ ստորագրել է ԵԽԽՎ 44 պատգամավոր։