Բավ է պառակտվել
23-05-2022 09:45

Փաշինյանը, Ալիևը և Միշելը պայմանավորվել են սահմանային հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի և հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովի առաջին համատեղ նիստը տեղի կունենա առաջիկա օրերին։ Հանդիպումը կկայանա երկու երկրների սահմանին։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։

Նա նաև կետ առկետ ներկայացրել է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միշելը հայտնել է, որ հանձնաժողովը կքննարկի սահմանագծման և կայունության ապահովման հետ կապված հարցերը։

Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Նրանք պայմանավորվել են Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքներով միջազգային փոխադրումների կազմակերպման հարցերի շուրջ։

Մասնավորապես, Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են հասել սահմանների կառավարման, անվտանգության, հողօգտագործման սկզբունքների, ինչպես նաև մաքսային կանոնների շուրջ՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կշարունակեն այս հարցի քննարկումները։

Քննարկվել է նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միշելի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ղեկավարած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Այս համատեքստում Շառլ Միշելը ընդգծել է «Արցախում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների և անվտանգության հարցերի» քննարկման կարևորությունը։

Հանդիպմանը Եվրախորհրդի նախագահն ընդգծել է, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց երկրների բնակչությանը կայուն խաղաղությանը։
Միշելը հավելել է, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել նույն ձևաչափով հուլիսին կամ օգոտոսին։