Բավ է պառակտվել
12-05-2019 13:25

“Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության, կոչ եմ անում բոլորին գործել հանուն այդ նպատակի”․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

”Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին և այս տարիների ընթացքում հայկական կողմերը մշտապես հավատարիմ են եղել և շարունակելու են հավատարիմ մնալ այդ կարևորագույն համաձայնագրի իրականացմանը”,-ասվել է Փաշինյանի ուղերձում:
Վարչապետն իր ափսոսանքն է հայտնել այն կապակցությամբ, որ քառորդ դար անց հրադադարը չի վերածվել խաղաղության։

“Ընդգծելով տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարևորությունը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար”,-ասել է նա:
Ըստ կառավարության ղեկավարի, առարկայական բանակցություններ և արդյունք հնարավոր են միայն այն դեպքում, երբ Արցախը կներգրավվի այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է նրա կարգավիճակն ու ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները:
“Մենք վստահ ենք, որ եռակողմ համաձայնությունն այն իրական հիմքն է, որի հիման վրա հնարավոր է կառուցել երկարատև խաղաղություն և համագործակցություն”,-նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ է երաշխավորել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի պահպանման համաձայնագրի իրականացմանն ու ջանքեր ներդնել՝ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով՝ շարունակելով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:
“Հրադադարի շարունակական պահպանումն ու երկխոսությունը խնդրի հանգուցալուծման միջոցներից, թերևս, կարևորագույններն են։ Անհրաժեշտ է զերծ մնալ ատելության միջավայրի, անհանդուրժողականության և լարվածության կուտակումներին ուղղված քայլերից”,-հայտարարել է նա։
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ աշխարհում գոյություն չունի որևէ ժողովուրդ, որը խաղաղություն չի ցանկանում։
“Եվ չենք կարծում, որ գոյություն ունի որևէ ծնող, ով սահմանին կանգնած իր զավակի համար չցանկանա անամպ երկինք։ Համոզված եմ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու առաջընթացի, ուստի կոչ եմ անում բոլորիս գործել հանուն այս նպատակների”,- եզրափակել է Փաշինյանը։