Բավ է պառակտվել
10-01-2023 13:00

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ներքաշել էլ ավելի մեծ սադրանքի մեջ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ներքաշել էլ ավելի մեծ սադրանքի մեջ։

«Ադրբեջանը հետապնդում է երկու նպատակ․առաջինը` կոտրել Լեռնային Ղարաբաղի հայերի կամքը` ապրելու սեփական հայրենիքում, երկրորդ՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Մենք պետք է արձագանքենք մտածված և հետևողական։ Նախ՝ առկա միջազգային արձագանքը պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում»,- ասաց Փաշինյանն ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը և ռուսական խաղաղապահ զորամիավորման գործողությունները շատ կարևոր են։

«Իմ վերջին հարցազրույցներից մեկում ասել եմ, որ եթե պարզվի, որ եթե պարզվի, որ ՌԴ–ն չի կարողանում այդ պարտականությունները կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը», - ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ արձագանքը պետք է լինի ասիմետրիկ այն առումով, որ Հայաստանը չպետք է հրաժարվի ինստիտուցիոնալ բարեփոխումների վեկտորից։

«1994 թվականի զինադադարից հետո մենք պատշաճ ուշադրություն չդարձրեցինք պետության ինստիտուցիոնալ զարգացմանը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո բանակում իրական բարեփոխումներ չեղան։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ինստիտուտների զարգացման գործընթացի վրա՝ միաժամանակ օգնելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում»,- ասաց նա։