Բավ է պառակտվել
14-12-2021 20:00

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար,- գրել է նա ֆոյսբուքյան իր էջում։

Փաշինյանը հավելել է, որ իր այս դիրքորոշումը հստակ կարտահայտի այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում։

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Արդեն կայացել են Շառլ Միշելի երկկողմ հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ։

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի և Լաչինի միջանցքում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։ Նա նաև նշել է, որ «Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն միջև»: