Բավ է պառակտվել
30-07-2020 16:11

Հիմա շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը.վարչապետ

Հունիսի 11-ից հետո առաջին անգամ ակտիվ դեպքերը 9000-ից պակաս են, 6 օր անընդմեջ կորոնավիրուսի հաստատված դեպքերը ցածր են 400-ից, իսկ նման պատկեր արձանագրվել էր մայիսի 24-ին, այսօր կառավարության նիստում, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն, հիմա շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը և սա մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Առաջին հերթին, ուզում եմ ընդգծել պետական բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես այն տեղերում, որտեղ կա քաղաքացիների ընդունելություն։ Բոլոր տեղերում պետք է հստակ պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ընդ որում ոչ միայն մուտքից ներս, այլ կախված իրավիճակից ՝ դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն», — նշել է նա, հիշեցնելով, որ նախորդ ամսվա սկզբին կենսաթոշակների հետ կապված փոստային բաժանմունքների մոտ հերթեր էին գոյացել և այդ ուղղությամբ աշխատանք պետք է իրականացվի։
«Այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում»,-ասել է վարչապետը։
Նա նաև հորդորել է հոգեհանգիսների, հուղարկավարությունների, հարսանիքների և այլ միջոցառումների ընթացքում նույնպես լինել ուշադիր և պահել հակահամաճարակային կանոնները։ Նաև տեսչական մարմինները պետք է հանգստյան գոտիներում և այլ տեղերում մեծ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
«Լիարժեք կրելով մեր պատասխանատվության բաժինը, նաև հույս ենք դնում մեր քաղաքացիների վրա, որպեսզի կարողանանք սեպտեմբերին արձանագրել այս ճգնաժամի ավարտը։ Այս լավատեսական ուղերձները նրա համար են, որ մեր զգոնությունը ավելի ուժեղանա, և ոչ թե հակառակը», — նշել է նա։