Բավ է պառակտվել
27-10-2021 18:56

«Հայաստանի սահմանները չեն փոխվել, բայց կա սահմանազատման և սահմանագծման խնդիր»․ Փաշինյան

Հայաստանի սահմանները չեն փոխվել, բայց կա սահմանազատման և սահմանագծման խնդիր, ասել է Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանը, չորեքշաբթի խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 2010 թվականին նաև ձեր քաղաքական ուժի կողմից ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված սահմաններում, որը կոնկրետ նկարագրում է, թե որտեղ են ավարտվում Հայաստանի սահմանները և սկսվում Ադրբեջանը»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի սահմանը Սոթք-Խոզնավար շրջանում, իսկ մնացած հատվածներում պահպանվում է որոշակի ստատուս քվո։

«Այլ հարց է, որ այս սահմանը ճշգրիտ չէ, սահմանազատման և սահմանագծման խնդիր կա: Հայ-վրացական սահմանին կան վայրեր, որտեղ հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում մեր սահմանը, բայց գիտենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նույնպես նշված է (որտեղ ավարտվում է Հայաստանի սահմանը՝ խմբ.): Քանի որ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, այդ խնդիրն առկա է, բայց ՀՀ տարածքը չի փոխվել, փոփոխություններ չկան»,- ասել է նա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը, կոչ արեց իրավապահ մարմիններին արձանագրել վարչապետի հայտարարությունները, քանի որ դրանք «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում են պարունակում։ Նա հայտարարեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանի որոշման համար։

«Պետական սահմանը սահմանվում է «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն, և եթե սահմանակից որևէ երկրի հետ չկա հստակ սահման, ապա պետության տարածք է համարվում այն տարածքը, որի վրա գտնվում են Հայաստանի զինված ուժերը։
Ցանկացած զիջում հնարավոր է միայն միջազգայնորեն ստորագրված և պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա»,- ասաց նա։

Այս հայտարարությունը Փաշինյանը չմեկնաբանեց՝ սահմանափակվելով պատգամավորին հաջողություն մաղթելով։