Բավ է պառակտվել
19-10-2020 18:38

Փաշինյանը և Ալիևը պատրաստակամություն են հայտնել ժամանել Մոսկվա՝ Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու նպատակով։

«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դա մեր դիրքորոշումն է: Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ։ Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», - ասել է Հայաստանի վարչապետը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, արդյո՞ք պատրաստ է անձամբ ժամանել Մոսկվա, Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու համար։

Միաժամանակ, Փաշինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուոծումը պետք է հիմնված լինի փոխադարձ զիջումների վրա։․“Ոչ թե մեկ կողմի կապիտուլիացիայի, այլ՝ փոխզիջումների” ,-ընդգծել է նա։

“Իսկ եթե մյուս կողմից պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր ժողովրդի իրավունքների, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների համար”, - շարունակել է Փաշինյանը: - Կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է, կարծում եմ որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է”:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է Բաքվի ներկայացուցիչների՝ Մոսկվայում հայկական կողմի հետ բանակցելու պատրաստակամության մասին: «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և գտնենք կարգավորման ուղիներ”, - ասել է նա: